Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Վազգեն Մնացականյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
65 կգ քաշային Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում 7։4 հաշվով առավելության է հասել իրանցի մրցակցի նկատմամբ։ Հայ ըմբիշը հաղթանակի համար վճռորոշ 4 միավորը վաստակել է գոտեմարտի վերջին 2-3 վայրկյանին։
55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է ուկրաինացի Իլյա Վանժուլին և անցել հաջորդ փուլ։
Մ17 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն, 80 կգ քաշային Վահե Հովեյանը ևս հաղթել է վրացի Լուկա Բուիգլիշվիլիին։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում կամային հաղթանակ է տարել մեքսիկացի Հեկտոր Սամուել Ագիլար Ռոդրիգեսի նկատմամբ՝ առավելության հասնելով 14։7 հաշվով, և անցել հաջորդ փուլ։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը Բաքվի ազգային մարմնամարզության արենայում անցկացվում է հուլիսի 27-օգոստոսի 2-ը։ Մրցումները մեկնարկել են հունահռոմեական ոճի գոտեմարտերով, այնուհետև կանցկացվեն կանանց և ազատ ոճի մրցաշարերը։
United World Wrestling-ի տվյալներով՝ առաջնությանը մասնակցում է ռեկորդային 675 մարզիկ՝ 242 հունահռոմեական ոճի ըմբիշ, 191 կին ըմբիշ և 242 ազատոճային։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 ըմբիշ՝ 10-ը հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։
Թարմացվել է՝ 27.07.2026 13:24




































