Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») որոշում է կայացրել հուլիսի 27-ից սկսած՝ սահմանափակել կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից, հայտնել է գերատեսչությունը։
Ըստ հրապարակման՝ անցկացված ստուգումների արդյունքում արձանագրվել են անվտանգության և հետագծելիության համակարգերի լուրջ խախտումներ։
Իրականացված ստուգումները հաստատել են դեռևս 2023-2024 թվականներին արձանագրված նմանատիպ խնդիրների առկայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հումքի ու պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատրաստումը, մուտքային հումքի սանիտարական ստուգումն ու ռիսկերի կառավարումը թերի են։
Ընթացիկ ստուգումները բացահայտել են, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի մեջ օգտագործվել է վարակված անասուններից ստացված կաթ, նշել է ռուսական կողմը։
Նրանց պնդմամբ՝ հաստատվել են դեպքեր, երբ ռուսական շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել է երրորդ երկրների հումք։ Սա հակասում է ՀՀ անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին՝ բացառապես տեղական կամ ԵԱՏՄ երկրների հումքի օգտագործման վերաբերյալ։
«Ռոսսելխոզնադզորը» շեշտում է, որ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ կաթնամթերքի հումքի ծագումն ու անվտանգությունը հաստատող համակարգ։ Դա հատկապես վերաբերում է այն մատակարարներին, ովքեր չեն կարող երաշխավորել արտադրանքի անվտանգությունը։ Բացի այդ, ընդգծվում է լաբորատոր կարողությունների բարելավման անհրաժեշտությունը։
Գերատեսչության գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանը չի կարողանում լիարժեք վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին, ինչը մասամբ պայմանավորված է 2019 թվականին իրականացված կառավարության բարեփոխումների հետևանքներով։
Հաշվի առնելով նշված ռիսկերը՝ ռուսական կողմը դիմել է կտրուկ միջոցների՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան և ապահովելու ներքին շուկայի անվտանգությունը։ Հունիսին ՌԴ-ն կասեցրել էր Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։
Այս ֆոնին ՀՀ իշխանությունները հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
«Ռոսսելխոզնադզորն» արգելել էր նաև Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, պահանջել կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։






































