Հուլիսի 24-ի կեսգիշերին «Ինգուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով Վրաստանի էներգահամակարգում սպառումը կտրուկ նվազել է 70%-ով (1860 ՄՎտ-ից հասնելով 564 ՄՎտ-ի)՝ հանգեցնելով Թբիլիսիի և խոշոր քաղաքների հոսանքազրկմանն ու ջրամատակարարման դադարեցմանը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Էլեկտրաէներգիայի մատակարարումն ամենուր միաժամանակ դադարեցվել է հուլիսի 24-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, գրեթե զրոյացել է բոլոր հիմնական հաղորդման գծերի աշխատանքը, փոխանցել է ռադիոկայանը:
Էլեկտրամատակարարման հանկարծակի խափանումը մի շարք քաղաքներում հանգեցրել է նաև ջրամատակարարման դադարեցման։ Ինքնաբերաբար կանգնել է «Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» (GWP) ընկերության պոմպակայանների աշխատանքը, ինչի պատճառով Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի բնակչության զգալի մասը զրկվել է ջրից կամ ջուրն ստացել է ցածր ճնշմամբ։
Ըստ Էներգետիկայի նախարարության նախնական տվյալների՝ մասշտաբային հոսանքազրկման պատճառն «Ինգուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած համակարգային վթարն է։ Ռադիոկայանի տվյալներով՝ վթարից անմիջապես հետո մեկնարկել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։
Վրաստանի «Պետական էլեկտրահամակարգ» ընկերության տվյալներով՝ մասնագետներն աշխատանքներ են տանում վթարի ստույգ տեխնիկական պատճառները վերջնականապես պարզելու և հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ:
Ժամը 02:00-ի դրությամբ՝ հոսանքը մասնակիորեն վերականգնվել է Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանում և Թբիլիսիի մեծ մասում: Վերջին տվյալներով՝ Վրաստանի ամբողջ տարածքում էլեկտրամատակարարումը փուլ առ փուլ գրեթե ամբողջությամբ վերականգնվել է:
GWP ջրամատակարար ընկերությունից հայտնել են, որ իրենց տեխնիկական խմբերն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Պոմպակայաններին էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը վերսկսելուն զուգընթաց՝ ջրամատակարարումը ևս ամբողջությամբ կվերականգնվի։






































