Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր է նվաճել քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն ստացել է գովասանագիր։ Հայաստանի թիմում ընդգրկված էր նաև 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-19-ը՝ Տաշքենդում։ Մրցույթին մասնակցել է 93 երկրի 372 աշակերտ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի։
Հայաստանի թիմը ղեկավարել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանը։
2025 թվականին Դուբայում անցկացված քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր մեկ արծաթե մեդալ և երեք գովասանագիր։






































