Անհետ կորած զինծառայողների ծնողներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար։ Նրանք հայտարարել են, որ պատասխան չստանալու դեպքում ինքնուրույն կսկսեն որոնողական աշխատանքները, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը դեպքի վայրից։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Հավաքված հարազատները հայտարարել են, որ ավտոերթով կհասնեն Տեղ գյուղ, որից հետո ոտքով կգնան դեպի Հակարիի կամուրջ։ Նրանք ընդգծել են, որ սպառել են սպասման բոլոր լիմիտները։
«Հավաքվել էինք շաբաթ օրը մեր հետագա որոշումը կայացնելու համար, եկել ենք հետևյալ եզրահանգման․ քանի որ արդեն 6 տարի մեր իշխանություններից անհետ կորածների ուղղությամբ ոչինչ չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կունենանք»,- նշել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Ղուկասյանի խոսքով՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում չլինի պատասխան, ծնողներով գտնելու են սեփական խողովակները։
«Մեզ դիտում են նաև Ադրբեջանում, մենք չենք գնում պետական գաղտնիք հայտնելու։ Գիտենք, որ Ադրբեջանում կան մեր կարգավիճակի մարդիկ, որոնք արդեն 90-ականներից ունեն անհետ կորածներ։ Փորձելու ենք իրենց հետ աշխատելու խողովակ գտնել»,- նշել է նա։
Ծնողներն առաջարկել են երրորդ երկրի միջոցով կապ հաստատել անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքների հետ և համատեղ որոնել զինծառայողների աճյունները: Նրանց փոխանցմամբ՝ Ադրբեջանում բազմաթիվ ընտանիքներ ավելի քան 30 տարի տեղեկություններ չունեն իրենց հարազատների մասին և նույնպես կարող են կորցրած լինել հույսը պետական կառույցներից:
Նրանք առաջարկել են փոխադարձ հիմունքներով տեղեկատվություն փոխանակել թաղման հնարավոր վայրերի վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ հայկական կողմը կօգնի գտնել Հայաստանի տարածքում անհետ կորած ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանական կողմը՝ հայ զինծառայողներին։
Ղուկասյանի խոսքով՝ ինքն անձամբ 2021 թվականին է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ կորածների հարցով։ Նա պնդել է, որ ոչ մի կոնկրետ բան չկա, և Փաշինյանն անձամբ է մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե չունեն անհետ կորածների տվյալներ։
«Փաշինյանի համար Ալիևի «չունեմ»-ն ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն (տեսագրություն, որտեղ երևում է, որ ադրբեջանցին հայ զինծառայողնին գերեվարում է)։ Նա ասում է՝ երդում կերավ (Ալիևը), որ չունի»,- պատմել է Ղուկասյանը։
Նա շեշտել է, որ իշխանություններից հույսը կտրել են ու վստահ են, որ ադրբեջանցիները նույնպես հույսը կտրել են իրենց ղեկավարներից։
Ծնողները նաև հայտարարել են, որ իրենք ևս իշխանությունների նման խաղաղության կողմնակից են և իրական խաղաղությունը պատկերացնում են իրենց որդիներին գրկելուց հետո։
Հարազատներից մեկը հայտարարել է, որ տեղեկություններ ունի մի քանի ադրբեջանցու թաղման վայրերի մասին, սակայն պատրաստ է ճշգրիտ տվյալները փոխանցել միայն կապ հաստատելուց հետո և փոխադարձ համագործակցության պայմանով։
Նրանք նաև հավելել են, որ իրենց այս քայլով ոչ մի պետական գաղտնիք չեն պատրաստվում հանել երկրից, այլ ընդամենը ադրբեջանցի իրենց բախտակից ծնողների հետ համատեղ փնտրել և գտնել զինվորների մարմինները։
«Թեկուզ երրորդ երկրի միջոցով, մենք արդեն կառավարության վրա հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք։ Ամերիկայի վրա չունենք, ռուսի վրա չունենք, Եվրոպայի վրա չունենք։ Մեր հույսն այսօր մնացել ենք մենք։ Իրենց երեխան կես ժամ ուշանա՝ ալամ աշխարհը կխառնեն, 6 տարի մենք էրեխեքից լուր չունենք»,- ասել է Ղուկասյանը։
Անհետ կորած կամավորականի մայրն իշխանություններին մեղադրել է անգործության մեջ։ Նրա խոսքով՝ վեց տարի շարունակ իշխանությունները չեն կարողանում գտնել զինծառայողներին և պատասխանատվության ենթարկել նրանց անհետացման մեջ մեղավորներին։ Նա ասմունքել է Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից՝ այն անվանելով որպես «գերու աղոթք»։
«Քանդի՛ր կապկպող երկաթներն այս ողջ,
Հա՛ն պաշարումից, տարակույսներիս վարմից ազատի՛ր,
Սփոփա՛նք տուր իմ տխրություններին, տանջանքիս՝ անդորր,
Վիշտս փարատի՛ր, տվայտանքներիս խաղաղություն բեր,
Լացիս՝ ամոքում, հեծեծանքներիս՝ ապաքինություն,
Ողբ ու կականիս՝ դադար ու հանգիստ․․․
Երկար է, չեք դիմանա․․․»,- եզրափակել է նա։
Մայրերից մեկը պատմել է, որ իր երեք որդիներից երկուսը կամավոր մեկնել էին ճակատ. նրանցից մեկը վերադարձել է, իսկ երկրորդի ճակատագիրը մնում է անհայտ։ Նա հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում սպասել և պատրաստ է ինքնուրույն տեղեկություններ ձեռք բերել որդու վերաբերյալ։
Մեկ այլ մայր ասել է՝ չգիտի, թե ինչ արդյունք կտան այսօրվա գործողությունները, սակայն Հակարի մեկնելն ավելի լավ է, քան ոչինչ չանելը։
«Այն մարդիկ, ովքեր պետք է միանան բացահայտելու մեր երեխաների ճակատագրերը, ծնկաչոք խնդրում եմ՝ օգնել բացահայտել մեր երեխաների ճակատագրերը։ Օգստոսի 4-ին կլինի 6 տարի, որ ես իմ երեխային չեմ տեսել, դիմանալու չի»,- նշել է նա։
Մեկ այլ մայր շեշտել է, որ իր որդու կադրերն ադրբեջանական ալիքներով են ցուցադրել, սակայն էլի ասում են՝ չունենք գերի։
«Ես երբեք չեմ անիծում, բայց ով մեզ այս դատին արժանացրել է, թո՛ղ իրենց երեխաներն էլ արժանանան։ Վախկոտ կառավարություն է։ Ինքը (Փաշինյանը) իր երեխաների տեղը չգիտի, ուր մնաց մեր երեխեքին գտնի տա՞։ Չկա՛ տենց բան»,- նշել է նա։
Ծնողները նշել են, որ վեց տարի շարունակ գործել են խաղաղ, չեն խախտել օրենքը և պարբերաբար դիմել են պետական մարմիններին, սակայն, նրանց փոխանցմամբ, այդպես էլ որևէ բովանդակային պատասխան չեն ստացել։






































