Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։
Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարաններից մեկում անցկացվող փորձարկումների ժամանակ։
Գերատեսչությունից հայտնել են, որ հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Դեպքի պատճառներն ու մյուս հանգամանքները պարզվում են։
«Ազերսիլահ»-ն Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը ենթակա պետական ռազմարդյունաբերական հոլդինգ է, որը միավորում է երկրի ռազմական արտադրական ձեռնարկությունները և զբաղվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրությամբ և արդիականացմամբ։
































