Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի վրա։
Նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Լավրովի խոսքով՝ կողմերը համաձայնել են լրացնել վերջին ամիսներին առաջացած երկկողմ շփումների բացը և շարունակել միջկառավարական, միջխորհրդարանական և արտաքին քաղաքականության երկխոսությունը։




































