Ամերիկյան զինված ուժերն ավարտել են Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների յոթերորդ ալիքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Իրանական բանակն իր հերթին հայտարարել է ի պատասխան ամերիկյան հարձակումների Քուվեյթում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, փոխանցել է Tasnim գործակալությունը։
CENTCOM-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել դիտարկման օբյեկտներին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին, զենքի ստորգետնյա պահեստներին և ծովային օբյեկտներին։ Գործողություններում ներգրավվել են կործանիչներ, ԱԹՍ-ներ և մարտական նավեր։ Հրամանատարությունն ընդգծել է, որ գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ շարունակում է պատասխանատվության ենթարկել Իրանին՝ միաժամանակ ապահովելով իրանական նավահանգիստների լիակատար ռազմածովային շրջափակումը։
Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանական բանակը հարվածել է Քուվեյթի «Ուդայիրի» և «Ալի Ալ-Սալեմ» բազաների զինամթերքի պահեստներին, ինչպես նաև Հորդանանի «Ալ-Ազրակ» ավիաբազայի վառելիքի ամբարներին։
Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով Բահրեյնում ամերիկյան անօդաչուների պահեստին և արհեստական բանականության զարգացման գլխավոր կենտրոնին հարվածելու մասին, հայտնել է IRIB պետական հեռուստաընկերությունը։
ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել է, որ ամերիկյան հարվածների շարունակման դեպքում պատրաստ է անցնել «լայնածավալ հարձակողական գործողությունների»։
«Եթե ԱՄՆ հարձակումները շարունակվեն ևս երկու-երեք օր, մենք կանցնենք լայնածավալ հարձակողական գործողությունների»,- հայտարարել է ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային՝ հավելելով, որ մերձավորարևելյան որևէ երկիր չի կարողանա պաշտպանվել Իրանի հարձակողական գործողություններից։
Քուվեյթի էլեկտրաէներգիայի, ջրային ռեսուրսների և վերականգնվող էներգիայի նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածից վնասվել է էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի աղազերծման ևս մեկ կայան։ Հարձակման հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել, իսկ մի քանի էներգաբլոկ անվտանգության նկատառումներով անջատվել է։ Վթարային և հրշեջ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին երկրները հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։
Թարմացված է՝ 18.07.2026 13:04






































