«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ իր վստահորդը փողերի լվացման քրեական վարույթով պետք է ունենար ոչ թե մեղադրյալի, այլ տուժողի դատավարական կարգավիճակ։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի վարկածով՝ Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող ենթադրյալ հանցավոր խմբի անդամներն Իրանի մի շարք գործարարների հետ ձեռք են բերել առևտրային համագործակցության պայմանավորվածություններ և ստեղծել համատեղ ընկերություններ։
ՔԿ-ի տվյալներով՝ այդ համագործակցությունն օգտագործվել է որպես քող՝ Իրանից Հայաստան 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ ներմուծելու և դրանք խարդախությամբ հափշտակելու համար։ Քննչական մարմնի տվյալներով՝ ենթադրյալ հափշտակված գույքի արժեքը կազմել է շուրջ 8,1 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար)։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։
Փաստաբանը հրապարակել է Իրանից ստացված պաշտոնական փաստաթղթեր, որոնք, նրա խոսքով, վերաբերում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի՝ Իրանի իրավասու մարմիններին ներկայացրած բողոքներին։ Խաչատրյանի խոսքով՝ ստացված նյութերը «կարևոր նշանակություն ունեն» քրեական վարույթի համար և հակասում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին։
Պաշտպանի տեղեկացմամբ՝ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն փետրվարի 14-ին Իրանի իրավասու մարմիններին բողոք էր ներկայացրել Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի և Համլետ Թումանյանի դեմ՝ խարդախության, կեղծարարության, վստահության չարաշահման, գույքն ապօրինի եղանակով ձեռք բերելու և փողերի լվացման հատկանիշներով։
Մայիսի 31-ին ընկերությունը ևս մեկ բողոք էր ներկայացրել Արման Օլամայիի, Էրֆան Օլամայիի, Համլետ Թումանյանի և Հաջիալի Օլամայիի դեմ։ Ըստ Խաչատրյանի՝ այս բողոքում նշվել են նաև այլ անձի գույքը յուրացնելու նպատակով հանցավոր համաձայնության և կեղծ պաշտոնական տիտղոս ու պաշտոն յուրացնելու վերաբերյալ պնդումներ։
Փաստաբանի խոսքով՝ երկու բողոքում ներառված են նաև Ծառուկյանի կողմից 7,5 մլն դոլար, 7 մլն եվրո և 20 մլն դրամ տրամադրելու վերաբերյալ տվյալներ։ Նա հավելել է, որ Իրանի դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ երկու բողոքի հիման վրա նախաձեռնված վարույթներն ընդունվել են քննության։
Խաչատրյանի գնահատմամբ՝ Իրանում նախաձեռնված վարույթները հակասում են Հայաստանի նախաքննական մարմնի վարկածին, ըստ որի՝ Ծառուկյանը Համլետ Թումանյանի հետ գործել է խմբի կազմում, իսկ Արման և Էրֆան Օլամայիները համարվում են տուժողներ։
«Ներկայացված փաստաթղթերով ևս մեկ անգամ հիմնավորվում է պաշտպանության կողմի պնդումն առ այն, որ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով»,- հայտարարել է Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանն այդ փուլում հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել՝ նաև Իրանի գործարարների վերաբերյալ քրվարույթի հիմքով։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։
Ծառուկյանի բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը և արդեն 4-րդ օրն է՝ բողոքի ակցիաների պատճառ դարձել։
Կարդացեք նաև՝
«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել
«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին





































