Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 6-ին Եկատերինբուրգ կատարած այցից հետո դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման խնդրում խոստացված բեկումը տեղի չի ունեցել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են այցի արդյունքները, քանի որ կառավարության ղեկավարին չի հաջողվել համոզել Մոսկվային և կատարել արտահանման խնդիրները լուծելու իր հրապարակային խոստումը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ռուսական կողմը պահպանել է նախկին դիրքորոշումը՝ հայտարարելով, թե հայկական ապրանքները դեռևս չեն համապատասխանում ռուսական շուկայի պահանջներին։ Փաշինյանի՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում ունեցած մեկուկես ժամանոց բանակցությունների անարդյունք լինելու և առանց ձեռքբերումների վերադառնալու մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը։
Այս այցը տեղի է ունեցել Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների ֆոնին, որոնք կապված են Եվրամիության հետ մերձեցման Հայաստանի կուրսի հետ։
Թեև հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու շահագրգռվածությունը և նշել, որ դուրս գալու հարց չի դնում, Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ միաժամանակյա շարժումը դեպի ԵՄ և մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհնար է՝ Երևանից պահանջելով հստակ կողմնորոշվել արտաքին տնտեսական վեկտորում։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից «Ռոսսելխոզնադզորն» արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։





































