ԱՄՆ պաշտոնյաներն Իրանին մեղադրել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների մեջ, հայտնում է Axios-ը։
Նրանց տվյալներով՝ հուլիսի 6-ի գիշերն Իրանը երկու հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող կոմերցիոն նավերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կառույցը՝ UKMTO-ն, հայտնել է, որ Օմանի Լիմահ շրջանից 8 ծովային մղոն արևելք տանկերը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կառույցի տվյալներով՝ զոհերի և բնապահպանական վնասի մասին չի հաղորդվել, իշխանությունները հետաքննություն են իրականացնում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, դրանք անընդունելի է համարել։
«Վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին X-ում։
Թրամփը հուլիսի 6-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կա՛մ համաձայնության կհասնի Թեհրանի հետ, կա՛մ «կավարտի գործը»՝ ակնարկելով ուժային սցենարի հնարավոր վերադարձը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա նաև ընդգծել է ԱՄՆ ռազմական կարողությունները և տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ։
«Մենք կա՛մ համաձայնություն կկնքենք, կա՛մ կավարտենք գործը։ Եվ գործն ավարտելը դժվար չի լինի։ Ես կնախընտրեի համաձայնություն կնքել»,- ասել է Թրամփը
Շուրջ 5 ամսվա դադարից հետո վերսկսվել է Իրանի և Կատարի միջև ծովային առևտուրը։ Վերսկսումը հաջորդել էր Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ժամանակավոր համաձայնագրին, որը նախատեսում էր վերադարձ Պարսից ծոցում նախապատերազմյան ծովային երթևեկությանը։




































