«Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար, «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ն ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, ինչը առաջիկա տասնամյակներում կարող է հանգեցնել հզորությունների պակասի։Մենք պետք է պատրաստ լինենք դրան։
«Մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է, մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի ապագա էներգիայի պակասը առաջիկա տասնամյակների ընթացքում։ Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ միջուկային փորձագիտության առկայությունը, նման արդյունաբերության առկայությունը բարձր որակի տնտեսության և արդյունաբերության նշան է»,- նշել է Լիխաչովը։
Նա հիշեցրել է, որ հայկական ատոմակայանի վերագործարկման վերջին փուլից հետո դրա հզորությունը մեծացել է մոտ 10%-ով։
«Ռոսատոմը» Հայաստանին առաջարկել էր տարբեր մեծության էներգաբլոկներ կառուցել։ Փաշինյանը Փարիզում կայացած Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել էր, որ Հայաստանը որոշում է կայացրել զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան և ներկայումս ուսումնասիրում է միջազգային գործընկերների առաջարկները։
Վարչապետը տեղեկացրել էր, որ Հայաստանը մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիր, ինչը հիմք կհանդիսանա նոր միջուկային էներգաբլոկի անցման համար:






































