ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումները և ուժի մեջ է թողել քվեարկության արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուղիղ հեռարձակումն իրականացվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել է 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դիմումատու կողմերը պնդում են, որ ընտրությունների ընթացքում թույլ են տրվել համակարգային ու զանգվածային խախտումներ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ։ Դատական նիստերին կուսակցությունը ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և Ներքին գործերի նախարարությունը։




































