Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն ամփոփում է աղմկահարույց ու հնչեղ որոշումների ներքո։ Այս տարիների ընթացքում խորհրդարանն ընդունեց մի շարք ռեզոնանսային օրինագծեր՝ երկրից մեկ տարի բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումից և 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշումից մինչև հարկային բեռի ավելացում, պատգամավորական երդման տեքստի փոփոխություն ու արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձային որոշումներ։
Armenia Today-ն առանձնացրել է այն առանցքային նախաձեռնություններն ու բեկումնային դրվագները, որոնցով հանրության հիշողության մեջ կմնա հեռացող խորհրդարանը։
1. Ընտրության իրավունքի սահմանափակում և նոր ընտրական ցենզ
Հայաստանի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում փաստացի գտնվել են երկրում առնվազն 366 օր։ Խորհրդարանն օրինագծին հավանություն տվեց 63 կողմ ձայնով։ Նախագիծը շրջանառության մեջ էին դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
2. Արտաքին քաղաքական շրջադարձ. Հռոմի ստատուտ և ուղեգիծ դեպի ԵՄ
8-րդ գումարման խորհրդարանը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 22։ Ավելի ուշ Ազգային ժողովն ընդունեց նաև Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ արժանացավ 64 կողմ և 7 դեմ ձայների։
3. «Ծանր վիրավորանքի» քրեականացումն ու դրա հետագա չեղարկումը
Իր գործունեության մեկնարկին՝ 2021 թվականի հունիսին, 8-րդ գումարման խորհրդարանը քրեականացրեց «ծանր վիրավորանքը»՝ պատասխանատվություն սահմանելով հայհոյանքի և արժանապատվությունը նվաստացնելու համար։ Այս օրենսդրական նորմը հարուցեց իրավապաշտպանների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Freedom House-ի խիստ քննադատությունը, ինչից հետո այն ապաքրեականացվեց 2022 թվականի հուլիսի 1-ից։
4. Զինվորական ծառայությունից «ազատվելու» հնարավորություն՝ 27 տարին լրացած անձանց համար
Խորհրդարանն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս հետախուզման մեջ գտնվող և 27 տարին լրացած զորակոչիկներին խուսափել քրեական պատասխանատվությունից ու պարտադիր զինվորական ծառայությունից՝ պետական բյուջե 15 միլիոն դրամ վճարելու պարագայում։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ չկար, 5 պատգամավոր ձեռնպահ մնաց։
5. Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում
Այս գումարման խորհրդարանի օրոք Հայաստանում ներդրվեց ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը։ Այն կյանքի է կոչվում փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, և ապագայում պետք է ընդգրկի երկրի բոլոր չափահաս ռեզիդենտ քաղաքացիներին։
6. Ակցիզային հարկի բարձրացում. ծխախոտի և վառելիքի առաջիկա թանկացումներ
Ազգային ժողովն ընդունեց նաև ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին նախագիծ, որին աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել ծխախոտային արտադրանքի, էլեկտրոնային ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և վառելիքի մի շարք տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու նախաձեռնությանը։
Փոփոխություններով նախատեսվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրույքաչափերի ամենամյա ինդեքսավորում 3%-ով։ Արդյունքում՝ շուկայում կթանկանան ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, բենզինն ու դիզելային վառելիքը։ Առանձին կարգավորմամբ նախատեսված է ակցիզի բարձրացում ծխախոտային արտադրանքի, տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների, ինչպես նաև նարգիլեի ծխախոտի համար, իսկ նիկոտինային տոպրակների համար սահմանվելու է նոր ակցիզային հարկ։
7. Խորհրդարան՝ առանց ընդդիմության և ընդդիմադիրների պաշտոնանկությունները
8-րդ գումարման ԱԺ-ն հենց մեկնարկից ուղեկցվեց տևական բոյկոտներով և քաղաքական սուր դիմակայությամբ։ Արդեն իսկ աշխատանքների առաջին օրը ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը։ Հետագայում՝ 2022 թվականին, խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնից պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին զրկեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
8. Ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումները
Ազգային ժողովի այս գումարումը հանրությանը կհիշվի նաև ընդդիմադիր գործիչներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու աննախադեպ շատ որոշումներով։ Խորհրդարանը հերթականությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ինչպես նաև այլ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։
9. Ծեծկռտուքներ, քաշքշուկներ և անվտանգության միջամտություն նիստերի դահլիճում
Այս գումարման խորհրդարանը աչքի ընկավ նաև պարբերական դարձած աղմկահարույց միջադեպերով՝ անվտանգության աշխատակիցների ներգրավմամբ լեզվակռիվներից մինչև պատգամավորների միջև զանգվածային ծեծկռտուքներ։ 2021 թվականի օգոստոսին՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անվտանգության աշխատակիցներն ուժով դահլիճից դուրս բերեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, ինչից հետո իրավիճակը կտրուկ լարվեց ու քաշքշուկ սկսվեց։ Հաջորդ օրը հակամարտությունը թեժացավ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո դահլիճում շիշ նետվեց, ինչը վերածվեց ծեծկռտուքի, իսկ պատգամավոր Գեղամ Նազարյանն աչքի վնասվածք ստացավ։
2023 թվականի մարտին հերթական միջադեպը գրանցվեց արդեն Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածեց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչից հետո ձերբակալվեց, իսկ ավելի ուշ զրկվեց անձեռնմխելիությունից։ 2025 թվականի հուլիսին նոր զանգվածային միջադեպ տեղի ունեցավ պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո խորհրդարանում վեճ և կռիվ սկսվեց։
10. Խորհրդանշական վերջին որոշումները. պատգամավորական նոր երդումն ու պետական դրոշները
Իր աշխատանքների ավարտական փուլում 8-րդ գումարման Ազգային ժողովը փոփոխության ենթարկեց պատգամավորական երդման տեքստը։ «Համազգային նպատակներ» և «հայրենիքի հզորացում» ձևակերպումները փոխարինվեցին «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդում» արտահայտությամբ, ավելացվեց քաղաքացիների իրավունքների ու ազատությունների մասին կետ և «Փա՛ռք զոհվածներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունը։ Մեկ այլ որոշմամբ՝ խորհրդարանը սահմանեց, որ Հայաստանի բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ պարտադիր կարգով տեղադրվելու են պետական դրոշներ։


































