ԱՄՆ զինված ուժերը և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել են Հորմուզի նեղուցում առևտրային նավի հետ կապված միջադեպից հետո փոխադարձ հարվածների մասին, հայտնում է The Times-ը։
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև առափնյա ռադիոտեղորոշիչ օբյեկտներին։ Հունիսի 25-ին Իրանը միակողմանի հարվածային անօդաչու սարքով հարվածել էր Սինգապուրի դրոշի տակ նավարկող M/V Ever Lovely բեռնատար նավի, որը դուրս էր գալիս Հորմուզի նեղուցից Օմանի ափերի երկայնքով։
Իրանական Press TV-ն, հղում անելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարությանը, հայտնել է, որ ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական թիրախներին՝ ի պատասխան Իրանի առափնյա շրջանների վրա ամերիկյան հարձակումների։ Հարվածների թիրախում են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայման վայրերը։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է իր պարտավորությունները և Իրանի դեմ հարվածների համար, որպես պատրվակ, օգտագործել է «Հորմուզի նեղուցում չթույլատրված երթուղով չհամապատասխանող նավի անցումը»։ ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել է, որ նման գործողությունների կրկնության դեպքում պատասխանը «ավելի լայն» կլինի։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ միջադեպը վկայում է Հորմուզի նեղուցի՝ Իրանի վերահսկման մասին։ Նա հավելել է, որ Իրանը չի հրաժարվի նեղուցի կառավարումից և անհնարին է համարել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոյի վերականգնումը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք և որևէ պայմաններում չի համաձայնի, որ Իրանը վճար գանձի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Նա նաև նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի վրա աշխատող տեխնիկական խումբը կվերսկսի իր նիստը հունիսի 30-ին։





































