Կյանքի 84-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։
Նա ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին՝ Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Մկրտչյանը երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում, դարձել Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը:
1968թ.-ից Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի էր: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում է Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում:
Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:






































