ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն այս պահին գտնվում է «խաչմերուկում» և խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին, հայտնում են ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը նշել է, որ դա կարևոր է Ռուսաստանի համար՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը «դարեր շարունակ հարևան և եղբայրական երկրներ են»։
Նա նաև նշել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Երևանը կգնահատի ԵԱՏՄ-ում մնալու առավելությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ավելի շահավետ է, քան եվրոպական ինտեգրման ուղին։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Պեսկովը նշել է, որ դրանք կշարունակեն զարգանալ։
«Շարունակելու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, ունենք շատ ընդհանուր ծրագրեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ խոշոր ներդրող Հայաստանում, ուստի համագործակցության ոլորտները բազմաթիվ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- նշել է Պեսկովը։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի հետ «փափուկ և ինտելիգենտ ապահարզանի» հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն էր հայտնել Ռուսաստանի հետ բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակել, ինչպես նաև նպաստել երկկողմ համագործակցության ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։ Փաշինյանը հնարավոր էր համարել երկու օրակարգերի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համատեղումը։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կապել էր ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձերի հետ։






































