Այսօր՝ ժամը 14:25-ի սահմաններում, Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականին ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը, հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակն որոնումների 8-րդ օրն աղջկա դին հայտնաբերել է ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մետր հեռավորության վրա։
7 և 13 տարեկան քույրերի անհետացման մասին ահազանգն ստացվել էր հունիսի 15-ին։ Երկու օր անց՝ հունիսի 17-ին, Փամբակ գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Փամբակ գետում իրականացվող որոնողական գործողություններում ներգրավված են փրկարար ծառայության 167 աշխատակից, 90 ոստիկան, կամավորներ և ջրասուզակներ։ Աշխատանքներում կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր, նավակներ և տեխնիկական այլ միջոցներ։
Իշխանություններն ապամոնտաժել են նաև այն խողովակը, որով տեղի բնակիչներն անցնում էին Փամբակ գետի վրայով։ Նախնական տվյալներով՝ հենց այդ խողովակով էին քույրերն անհետացման օրը փորձել անցնել գետի մյուս ափ:


































