Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հայցը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա մանրամասնել է, որ վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (նախկինում Տեր Թադե-խմբ․) կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Փաստաբանը նշել է, որ ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Վարչական դատարանն արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։
«Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։
Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն»,- հավելել է Զոհրաբյանը։
Փետրվարին Մայր Աթոռը դատական հայց էր ներկայացրել կարգալույծ Թախմազյանի դեմ՝ նրանից պահանջելով վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, եկեղեցու բանալիները։ Ավելի վաղ դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը՝ որպես հոգևոր հովիվ։
Թախմազյանը 2025-ին միացել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա կարգալույծ հռչակված այն քահանաների շարքում է, ովքեր չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը և շարունակում են ծեսեր մատուցել։






































