«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կա՛մ անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, կա՛մ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ, հայտնել է քաղաքական ուժի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Դաշինքը նաև պահանջում է անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումը։ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ դիմումը ՍԴ է մուտքագրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Խոսնակը հավելել է, որ դիմումի հիմքում «իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ընտրախախտումներն են»։
Ավելի ուշ ՍԴ-ից հայտնել են, որ դատարանը երկու օրվա ընթացքում պետք է որոշի՝ ընդունե՞լ դիմումը վարույթ, թե՞ ոչ։ Դիմումը վարույթ ընդունելու դեպքում դատարանը պարտավոր է գործով վերջնական որոշում կայացնել ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 15 օր հետո։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով 18 քաղաքական ուժերից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): Ավելի վաղ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին էին հայտարարել նաև «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը, ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։
Կարդացեք նաև՝
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում
Թարմացված է՝ 19.05.2026 | 13։46





































