Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոններից հրաժարական տալու մասին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նա նշել է, որ մասնակցելու է 2029 թվականի աշխարհի Մ20 տարեկանների եզրափակիչ առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։
Նիկողոսյանը ՀՖՖ ժողովում հայտարարել էր, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չի առաջադրվելու և ավարտելու է իր գործունեությունը ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում:
Այս ընթացքում, նրա խոսքով, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ են մտցրել իր որոշման մեջ: Որպես այդպիսի իրադարձություններ Նիկողոսյանը նշել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցությունը Եվրոպայի առաջնության խմբային փուլին և Վրաստանի հետ համատեղ 2029 թվականի աշխարհի Մ20 տարեկանների եզրափակիչ առաջնության կազմակերպման իրավունք ստանալը:
First Armenian Front (FAF) ֆան ակումբն արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ հայկական ֆուտբոլն անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնել է իր հրաժարականի մասին։ Այս պահանջը հայկական բոլոր ֆան շարժումներով բարձրաձայնել էին դեռ 2024 թվականին։
«Վերահաստատում ենք` ՀՖՖ-ի ամբողջ ղեկավար կազմը, այն մարդիկ, որոնք վերջին տարիներին իրենց ապիկար կառավարման արդյունքում հայկական ֆուտբոլը տարել են ձախողման, պետք է օր առաջ հեռանան»,- հավելել է FAF-ը:




































