«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է հետընտրական ընդդիմադիր կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու, ինչպես նաև ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությամբ համատեղ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Հարցազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
Կարապետյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է միավորել ջանքերը, քանի որ միայն համատեղ գործողությունները կարող են հանգեցնել իշխանափոխության: Նա ընդգծել է, որ երկիրը, իր գնահատմամբ, ճակատագրական ընտրության առաջ է։
«Ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան։ Ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան։ Թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա ունենք»,- հայտարարել է նա։
Կարապետյանը հայտնել է, որ դաշինքը մտադիր է քաղաքացիների և ընդդիմադիր այլ ուժերի հետ բաց քննարկել պատգամավորական մանդատներ ստանալու հարցը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ր տարբերակը թույլ կտա ավելի արագ հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը՝ մանդատներ վերցնե՞լը, թե՞ դրանցից հրաժարվելը։
«Մենք կներկայացնենք թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը և կհասկանանք՝ Փաշինյանի իշխանությունից ավելի արագ հեռացմանը կնպաստի՞ մանդատների ստացումը, թե՞ դրան հնարավոր կլինի հասնել՝ հրաժարվելով դրանցից»,- ասել է դաշինքի առաջնորդը։
Նա նշել է, որ իշխանությունները և նրանց աջակցող ուժերն առաջ են մղում այն նարատիվը, թե ընդդիմությունը պետք է հրաժարվի պատգամավորական մանդատներից։ Սակայն, Կարապետյանի կարծիքով, այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն կստանա միանձնյա կառավարել Ազգային ժողովը։ Միաժամանակ, նա շեշտել է, որ մանդատների ստացումը կարող է ներկայացվել որպես գործող իշխանության լեգիտիմության ընդունում։
Կարապետյանի խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի բոլոր ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ Նա նաև հայտարարել է, որ հասարակությունը պետք է տեսնի, թե քաղաքական ո՞ր ուժերն են իրականում հանդես գալիս Փաշինյանի դեմ և որո՞նք են միայն ընդդիմադիր գործունեություն իմիտացնում։
Նա նշել է, որ դաշինքը կշարունակի մասնակցել խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու գործընթացին, որի մասին հայտարարել էին ավելի վաղ։ Կարապետյանը նաև հայտնել է, որ ընդդիմությունը մտադիր է անցկացնել համատեղ հանրահավաք։
«Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք «ուժեղ և վստահելի հանրահավաք»։ Միայն այդ դեպքում կկարողանանք մեր ժողովրդի ռեալ աջակցությունն ստանալ»,- հայտարարել է նա։
Կարապետյանը հայտարարել է, որ գործող իշխանությանը լեգիտիմ չի համարում և վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր պատգամավորներին իշխանության կողմը գրավելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։
Նա նաև մեղադրել է Փաշինյանին՝ իշխանությունը պահպանելու համար Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև առկա հակասություններն օգտագործելու մեջ։ Կարապետյանի կարծիքով՝ Փաշինյանին հաջողվել է եվրոպացի գործընկերներին «վաճառել» հակառուսականությունը։
«Նրանց ձեռնտու է հակառուսական Փաշինյանը, բայց դա ձեռնտու չէ հայ ժողովրդին»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Կարապետյանը կարծիք է հայտնել, որ արտասահմանյան գործընկերները, փաստացի, աջակցում են Փաշինյանի, այսպես ասած, մեխանիզմին՝ չգիտակցելով դրա հնարավոր հետևանքները հայկական պետականության համար։
«Գոյություն ունի երկու Փաշինյան, նրանցից մեկը մարդ է՝ շատ վատ մարդ, թույլ, վախկոտ, ստախոս, ագահ։ Այդ բազայի վրա դրսի ուժերը կառուցել են Փաշինյան կոչվող մեխանիզմ, որը ծառայում է Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերելուն»,- ընդգծել է նա։
Նա հստակեցրել է, որ գոյություն ունի «երկու Փաշինյան»՝ մեկը որպես մարդ, մյուսը՝ որպես արտաքին ուժերի կողմից ստեղծված մեխանիզմ, որը, նրա պնդմամբ, գործում է Հայաստանի թուլացման շահերից ելնելով։
Կարապետյանի խոսքով՝ միավորված ընդդիմության խնդիրներից մեկը կլինի միջազգային կառույցների և դիվանագետների հետ կապերի հաստատումը՝ նրանց ներկայացնելու իշխանության ընդդիմախոսների դիրքորոշումը։ Նա հայտնել է, որ մինչ այժմ չի հանդիպել ո՛չ արևմտյան դիվանագետների, ո՛չ էլ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, սակայն հույս է հայտնել, որ ընտրություններից հետո նրանք ավելի ուշադիր կվերաբերվեն դաշինքի դիրքորոշմանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը նաև կարևորել է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի նկատմամբ կիրառվել են ճնշումներ։ Կարապետյանի տվյալներով՝ դաշինքի շուրջ 760 կողմնակից բերման է ենթարկվել, 103 մարդ կալանավորվել է, ևս մոտ 100-ը գտնվում է վարչական հսկողության տակ կամ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Հունիսի 7-ին անցկացված ընտրությունների վերջնական արդյունքներով ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ): ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկեն Սահմանադրական դատարանում, այդ մտադրության մասին հայտարարել էր նաև «Ուժեղ Հայաստանը»։ Ընտրությունների արդյունքները չճանաչելու պահանջին էր միացել նաև «Միասնության թևերը»։
Կարապետյանը հունիսի 17-ին հայտարարել էր ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։



































