ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու մասին։
«Այսօր ԱՄՆ ուժերը, նախագահի կարգադրության համաձայն, վերացրին իրանական նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և դուրս եկող ծովային երթևեկության շրջափակումը։ ԱՄՆ ուժերը չեն խանգարում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և դրանց ելքին։ Ռազմական շրջափակումը կիրառելու ԱՄՆ բոլոր ջանքերը դադարեցվել են»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ ռազմանավերը «կմնան տարածքում՝ համաձայնագրի բոլոր դրույթների պահպանումը և դրա լիարժեք իրավական ուժն ապահովելու համար»։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Իրանը 60 օրվա ընթացքում որևէ վճար չի պահանջի Հորմուզի նեղուցում ծառայությունների համար և կփակի բոլոր ծախսերը։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը դեռևս պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի անվտանգության վարչություն (PGSA), սակայն բոլոր դիմումները կմշակվեն անհապաղ։
Խորհուրդը հավելել է, որ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ Հորմուզի նեղուցն ականազերծելու համար՝ համաձայն Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագրի։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը հունիսի 17-ին ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր անգլերենով և պարսկերենով՝ էլեկտրոնային եղանակով, երկու երկրների միջև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հունիսի 18-ին Փեզեշքիանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության նախնական համաձայնագիր էին ստորագրել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 17-ին։ Վաշինգտոնը և Թեհրանը նաև հրապարակել էին հուշագրի տեքստը։ 14 կետից բաղկացած փաստաթուղթը ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։





































