Գլխավոր դատախազությունն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատարան է հանձնել ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ ԳԴ-ի՝ 51 անձի վերաբերյալ 12 քրեական վարույթ դատարան է հանձնվել Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից:
Դրվագների մեծ մասն, ըստ դատախազության, վերաբերում է ենթադրյալ ընտրակաշառք տալուն և ստանալուն, ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը խախտելուն, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն և հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն:
Ըստ դատախազության տվյալների՝ մի շարք գործերով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության և համանուն դաշինքի ներկայացուցիչները, պատգամավորի թեկնածուն, աջակիցներն ու տարածքային պատասխանատուները: Նախաքննությունը պնդում է, որ իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին առաջարկվել է գումար, աշխատանքի տեղավորում, հողամաս, բնակարան, պաշտոն, պարտքի մասնակի զիջում, վիրահատության ծախսերի հոգում և նյութական օգնություն:
Դատախազությունը հայտնել է նաև մեկ քրեական վարույթի մասին, որը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցի հետ. վերջինս, ըստ նախաքննության վարկածի, Ստեփանավան քաղաքի բնակչին քվեի դիմաց խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
Գործերը հանձնվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
«Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» հերքում են մեղադրանքները՝ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում։ Դաշինքից հայտարարել են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։





































