ՀՀ պաշտպանության նախարարությունը չի վճարել վարժական հավաքների որոշ մասնակիցների՝ մայիս ամսվա համար նախատեսված գումարները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Բացի այդ, թերթի տեղեկություններով, հավաքների մասնակիցներին նաև անհանգստացնում է, որ իրենց զինգրքույկները պահում են զորամասերում՝ առանց պատճառը հայտնելու։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունիսի 15-ին հայտարարել էր, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների՝ Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Զվարթնոց» օդանավակայում հերթափոխություն էին սկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցները և, ըստ տեղեկությունների, Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։






































