Քաղաքացիական գործերով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցը: Դատավոր Նաիրա Ավետիսյանը որոշումը հրապարակել է հունիսի 12-ին՝ ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի տվյալների։
Որոշման մեջ նշվում է, որ հայցը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան և ենթակա է դատական վերանայման: Հայցը վարույթ ընդունելու մասին որոշումն ուժի մեջ է մտել դրա կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։
Հայցի մասին հայտնի էր դարձել հունիսի 3-ին։ Ծառուկյանն իրեն զրպարտելու և վիրավորելու համար դատական հայց էր ներկայացրել Փաշինյանի դեմ։ Զրպարտության հերքման պահանջը վերաբերում է Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ժամանակ Ծառուկյանի հասցեին հնչեցված մի շարք խոսքերին։ Մասնավորապես, հայցն առնչվում է իրեն «հանցագործ», «գործակալ», «շպիոն» անվանելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» մեղադրանքներին։
Հայցապահանջով Ծառուկյանը նշել է, որ վարչապետի հնչեցրած խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և սուտ են, ինչի հետ կապված ԲՀԿ առաջնորդը Փաշինյանից պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ։ Բացի այդ, իրեն այդ խոսքերով վիրավորելու համար Ծառուկյանը ներողություն և 3 մլն դրամ է պահանջել Փաշինյանից, ինչպես նաև 310 000 դրամ՝ նախապես վճարված պետտուրքի համար։ Փաշինյանն իր հերքումն ու ներողությունը, ըստ հայցապահանջի, պետք է հրապարակի շուրջ 1 տասնյակ լրատվամիջոցներով, որոնք հրապարակել էին իր խոսքերը։
Փաշինյանի և Ծառուկյանի հեռակա բանավեճն սկսվել էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Մայիսի 28-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը Ծառուկյանին լրտես էր անվանել, նշել՝ «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Թևանյանին ներառել իր ցուցակում»։






































