Պետական հիմնարկներում սկսվել են զանգվածային ստուգումներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անտեսել են հունիսի 5-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը Հանրապետության Հրապարակում, կամ հանրահավաքից շուտ են հեռացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հանրահավաքից առաջ վարչական ռեսուրսի մոբիլիզացման շրջանակներում պետական աշխատողներին հրահանգվել էր միջոցառմանը մնալ մինչև վերջ։ Ներկայությունը վերահսկել են հատուկ նշանակված համակարգողները։
Ներկայումս կազմվում են «լոյալ և ընդդիմադիր» հայացքներ ունեցող ծառայողների ցուցակներ, ինչպես նաև բացատրագրեր են պահանջում այն աշխատակիցներից, ովքեր չեն մասնակցել հանրահավաքին կամ այնտեղից շուտ են հեռացել:
Թերթի զրուցակիցները պնդում են, որ ոչ լոյալ աշխատակիցների նկատմամբ նախատեսվում է կիրառել ճնշման միջոցներ։ Ըստ աղբյուրի՝ իրենց իրավունքներին չտիրապետող աշխատողներին կստիպեն ազատվել աշխատանքից «սեփական դիմումի հիման վրա», իսկ մնացած դեպքերում կպատժեն պարգևավճարներից զրկելով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ղեկավարության կողմից նման պատժամիջոցները հնարավոր կլինի կանխել, եթե աշխատողների կողմից նվազագույն իրավական դիմադրություն դրսևորվի։
Մայիսի վերջին «Հրապարակը» հայտնել էր, որ ՔՊ-ն ստիպում է պետական ծառայողներին մասնակցել հունիսի 5-ին կայանալիք նախընտրական ամփոփիչ հանրահավաքին։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%): Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
ԲՀԿ-ն, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Նման պահանջով էր հանդես եկել նաև «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները։ «Հայաստանը» վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Զանգվածային խախտումների մասին հայտարարել են նաև «Միասնության թևեր», «Բոլորին դեմ» կուսակցությունները։




































