ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք, գրել է CNN-ը։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ կողմերն այժմ բանակցում են, և Իրանը ցանկանում է «շատ լավ գործարք» կնքել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Նահանգները հաղթում է այդ ռազմաճակատում, և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրենք կհայտարարեն «լիակատար հաղթանակի մասին», իսկ նավթի գները կնվազեն։
ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ գործարքի արդյունքում կհրաժարվի միջուկային զենք ունենալուց։
Անցած երկուշաբթի Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները կշարունակեն ամբողջ ծավալով իրականացնել իրանական նավահանգիստների շրջափակում, քանի դեռ Վաշինգտոնն ու Թեհրանը չեն հասել ճգնաժամի կարգավորման վերջնական պայմանավորվածությունների։
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել էր հունիսի 7-ին և 8-ին Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածներից հետո։ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին և Մահշահրի նավթաքիմիական համալիրին, իսկ Իրանը հարվածել էր իսրայելական թիրախներին, այդ թվում՝ Հայֆային։
Լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է մանրամասն տեղեկություններ տրամադրել իր միջուկային օբյեկտների և հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։ Նման նախաձեռնությունը կարող է ավելի լարել հարաբերությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև, քանի որ Իրանը նախկինում արդեն սահմանափակել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։





































