ԱՄՆ վարչակազմը չի ակնկալում, որ մայիսի 24-ին Իրանի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի, և կարծում է, որ Իրանի ղեկավարության հավանությունը ստանալու համար կարող է պահանջվել մի քանի օր, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ պարբերականի տվյալների՝ կողմերը քննարկում են փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը նախատեսում է հրադադարի ժամկետի երկարաձգում 60 օրով։
Նշված ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց անցման վճարների գանձման, իսկ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում տեղադրված ականները, ինչի դիմաց ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։
Հուշագրի նախագծով նախատեսվում են նաև Իրանի պարտավորությունները՝ երբեք չմշակել միջուկային զենք, ինչպես նաև բանակցություններ վարել ուրանի հարստացման ծրագրի կասեցման և բարձր հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելու շուրջ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կհամաձայնի 60-օրյա ժամկետում բանակցություններ վարել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման և իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, ինչը կիրականացվի միայն վերջնական համաձայնագրի շրջանակում։
Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:





































