«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափի գյուղի ընտրատեղամասում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասինՈւժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին:
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ հանձնաժողովի անդամ կինը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բերվել են 3 համարի քվեաթերթիկները, նշում է, որ դեռևս չեն ստացել, և իրենք արդեն երկու ժամ է՝ սպասում են դրանց: Այնուհետև տեսանյութի հեղինակը ցուցադրում է քվեաթերթիկների տրցակները, որտեղ դրանք դասավորված են հերթականությամբ, և երևում է, որ 1-ին և 2-րդ համարների կողքին անմիջապես դրված է 4-րդ համարի փաթեթը, իսկ 3-րդ համարը բացակայում է:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը հեռախոսով կապ հաստատում տարածքային ընտրական հանձնաժողովի հետ՝ բացակայող քվեաթերթիկների հարցը ճշտելու համար: Տեղամասում գտնվող պատասխանատուները նշել են, որ խնդրի մասին արդեն ահազանգել են, և այս պահին իրավիճակը դիտարկվում է որպես տեխնիկական խնդիր, որը կստանա իր լուծումը:
Մելոյանը հորդորել է ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել տեղամասերում քվեաթերթիկների առկայությունն ու վիճակը:
«Հանրապետություն» կուսակցության անդամները հունիսի 5-ին դիմում էին հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԿԸՀ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը։



































