Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ավելի վաղ Գյումրիում իր արտասանած «ծընգլ արեցիք» արտահայտությունը՝ հայտարարելով, որ այն կոնտեքստից կտրված էր և չի վերաբերել Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցին։
Գյումրիում մայիսի 25-ի քարոզարշավի ժամանակ Միրզոյանն այս արտահայտությամբ էր արձագանքել հարցին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկելո՞ւ է գերիների հարցը։
Միրզոյանի խոսքով՝ իր ռեպլիկն ուղղված էր լրագրողներին, այլ ոչ թե հայ գերիների թեմային, քանի որ շտապում էր նախընտրական միջոցառման։
«Հարցերն ամենևին էլ գերիների մասին չէին։ Վերջում կրկնեցի, որ չեմ պատասխանում հարցերին և ասացի՝ «ծընգլ արեցիք»։ Ես չեմ լսել, որ հարցը գերիների մասին էր, որովհետև աղմուկ էր, և ես արդեն հեռացել էի լրագրողից»,- պարզաբանել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ չի հասկանում, թե ինչպե՞ս կարող էին իր խոսքերը մեկնաբանվել որպես պատասխան գերիների մասին հարցին։
«Չեմ հասկանում, միթե որևէ մեկը կարող է մտածել, որ գերիների մասին հարցին լրջորեն կարելի է պատասխանել՝ «ծընգլ արեցիք»»,- հայտարարել է նա ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։





































