ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է Կապանի Բարաբաթում թաղամասում գտնվող 17-18-րդ դարերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու լայնածավալ վերականգնողական աշխատանքների ավարտի և ամբողջական վերականգնման մասին։
Նախագիծը ներառում էր ինչպես հնագիտական պեղումների հետ կապված հետազոտություններ, այնպես էլ ճարտարապետական հուշարձանի համապարփակ վերականգնում: Աշխատանքների ընթացքում մասնագետները վերականգնել են շենքի կառուցվածքային տարրերը և ամրացրել պահպանված պատմական բեկորները՝ այդպիսով վերականգնելով տաճարի նախնական տեսքը և նպատակը։ Աշխատանքների ավարտից հետո եկեղեցին դարձել է գործող։
Նախարարությունը պեղումների և վերականգնողական աշխատանքների մեկնարկի մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի 11-ին: Նախաձեռնությանն աջակցել են տեղի բնակիչները, որոնցից մի քանիսը պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես նպաստել հուշարձանի վերականգնմանը։
«Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդներ:






































