«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր ներկայացուցիչներ Լիլիթ Ղարաջյանի և Լևոն Սարգիսովի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Հոլովակը ոճավորված է որպես գաղտնալսում, որպիսիք նախկինում հրապարակել էին իրավապահ մարմինները։
Ձայնագրության մեջ զրուցակիցները քննարկում են Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական իրավիճակը։ Մասնավորապես, նրանք մատնանշում են ծնելիության 40% անկումը, ամուսնությունների թվի նվազումը 7%-ով և ամուսնալուծությունների աճը 28%-ով։ Նշվում է նաև արտագաղթի տեմպերի և թմրամիջոցների շրջանառության ավելացման մասին։
Հոլովակի հեղինակներն իրավիճակի վատթարացումը կապում են գործող իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ՝ հայտարարելով, որ «ճանապարհների ասֆալտապատումը» չի լուծում բնակչության հիմնարար խնդիրները։
Զրույցի ընթացքում հիշատակվում է դաշինքի «Ազգային վերածննդի հիմնադրամը», որը նախատեսում է ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումներ։ Ըստ ներկայացված առաջարկների՝ չորրորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը կարող է ստանալ 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի ծննդյան դեպքում՝ բնակարան։
Բացի այդ, հոլովակում խոսվում է 300 000 աշխատատեղ ստեղծելու և 20 000 մատչելի բնակարան կառուցելու ծրագրերի մասին։
Մարտի 30-ից սկսած իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ: Դաշինքի անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է նաև «Կանդազ» անունով, երկու ամսով կալանավորվել էր։
Ձերբակալությունների նոր ալիքն սկսվել էր մայիսի 8-ին՝ Շիրակի մարզի Անի համայնքում և Մարալիկ քաղաքում կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո: Այս ձերբակալությունները հաջորդել էին դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացնել։ Մայիսի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող գործում նոր մեղադրանքների մասին։ Մայիսի 13-ին ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին էր հայտնել: «Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։





































