Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ դատական հայց ներկայացնելու մասին։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
Հայցի հիմքում Կարապետյանի հայտարարություն է այն մասին, թե կառավարության ղեկավարի էմոցիոնալ հայտարարությունները կարող են փոխկապակցված լինել հալյուցինոգեն սնկերի օգտագործման հետ։ Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանն այդ սնկերը բերել էր Չինաստան կատարած այցից։
Վարչապետը զրպարտություն և անլուրջ է որակել հնչեցված մեղադրանքները՝ նշելով, որ իրավական ճանապարհով պահանջելու է հերքել իրականությանը չհամապատասխանող և արժանապատվությունը վիրավորող տեղեկությունները։
Փաշինյանն իր հայցում պահանջել է Կարապետյանից հրապարակայնորեն հերքել մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած տեղեկությունները առնվազն երեք լրատվամիջոցներով, որոնք YouTube-ում ունեն նվազագույնը 200 հազար բաժանորդ, կամ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պաշտոնական ալիքով։
Բացի այդ, Փաշինյանը պահանջել է Կարապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 6,000,000 (վեց մլն) ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Փաշինյանն արդեն հայտարարել էր հայց ներկայացնելու և Կարապետյանին «իրավական իմաստով սունկ կերցնելու» մասին։ Սակայն այն բանից հետո, երբ Կարապետյանը պարզաբանել էր լրագրողներին, թե անձամբ չի տեսել սնկերի օգտագործման փաստը և միայն հիմնվում է իրեն հասած տեղեկությունների վրա, վարչապետը հրաժարվել էր դատական հայցից։




































