Հեռակա բանավեճ է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Մամուլի ասուլիսի ժամանակ, Armenia Today-ի հարցին պատասխանելով, Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետի հուզական ելույթները պայմանավորված են հալյուցինոգեն սնկերի օգտագործմամբ, որոնք վերջինս, ըստ նրա պնդման, բերել է Չինաստանից։
Այս մեղադրանքներին ի պատասխան՝ Փաշինյանն սպառնացել է դատական հայցով՝ հայտարարելով, թե «Կարապետյանին սնկերով կկերակրի»։
Հեռակա բանավեճի մեկնակետը Փաշինյանի՝ ապրիլի հայտարարություններն էին, որոնց արձագանքելով էլ Կարապետյանն այդ հայտարարությունն է արել։ Փաշինյանը, անդրադառնալով Կարապետյանին, ասել էր՝ «վախենում եմ՝ միլարդատերից բոմժ դառնաս»։ ԱԺ-ում էլ հայտարարել էր, թե Կարապետյանի՝ «բոմժ դառնալու գործընթացն անշրջելի է»։
Կարապետյանը, մասնավորապես, նշել է, որ իրեն «շուտով բոմժ է դարձնելու» Փաշինյանի խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ այդ արտահայտությունը նույնպես, իր տեղեկությամբ և տպավորությամբ, Չինաստանից բերված հալյուցինոգեն սնկեր օգտագործելու հետևանք է։
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը հավելել է՝ տեղեկություն ունի, որ Փաշինյանն այդ սնկերը Չինաստան կատարած այցի ժամանակ ռեստորաններից մեկում է փորձել ու հետո որոշել «1 տոննա ներկրել Հայաստան»։
«Երբ բարձրանում է կառավարության կամ Ազգային ժողովի ամբիոն, օգտագործում է այդ սնկերը և իր երազներն է պատմում։ Ինչքան շատ սունկ կուլ տա, այնքան շատ բան կպատմի»,- հավելել է Կարապետյանը։
Փաշինյանը կառավարության նիստից հետո չի մեկնաբանել Կարապետյանի հայտարարությունը՝ նշելով, որ ծանոթ չէ։
Ավելի ուշ, ծանոթանալով Կարապետյանի հայտարարությանը, Փաշինյանը նշել է նրան դատի տալու մտադրության մասին։
«Դատի եմ տալու ու մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի սպառնալիքներին ի պատասխան՝ Կարապետյանը պարզաբանել է, որ «հալյուցինոգեն սնկերի» մասին իր հայտարարությունը հիմնված է իր ունեցած տեղեկությունների և կառավարության ղեկավարի ելույթներից ստացած անձնական տպավորությունների վրա։
Մեկնաբանելով վարչապետի արձագանքը՝ Կարապետյանն ընդգծել է, որ տեղեկատվությունը չի ներկայացրել որպես անհերքելի փաստ։
«Ես ասացի՝ ինֆորմացիա ունեմ, չասացի՝ Փաշինյանը հաստատ սունկ է ուտում։ Ես ասում եմ՝ ենթադրում եմ, քանի որ ինքն իր երազներն է պատմում, ես այդպիսի տպավորություն ունեմ։ Հիմա եթե դատի է տալիս իմ տպավորությունների համար, դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ»,- շեշտել է Կարապետյանը։


































