ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին է հայտնել:
Կոմիտեի տվյալներով՝ մեղադրանքներ են առաջադրվել մի խումբ անձանց, որոնք առնչություն ունեն «Մեր ձևով» բարեգործական հասարակական հիմնադրամի հետ։ ՀԿԿ-ի տեղեկություններով՝ կատարվել են խուզարկություններ և վարույթին առնչվող այլ գործողություններ:
Ավելի ուշ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և գրասենյակի աշխատակիցներ են։
Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել է, որ պաշտպաններին, այդ թվում իրեն՝ խոչընդոտել են ապահովել մեղադրյալների պաշտպանությունը։ Նա տեղեկացրել է, որ մինչ այս պահը պաշտպանները չեն կարողացել կատարել իրենց գործառույթը։ Փաստաբանը նաև հայտնել է, որ գործում ներգրավված վկա կա, որի հետ հարցաքննության է մասնակցել։ Ձերբակալվածների թվի մասին Մարտիրոսյանն այս պահին տեղեկություն չունի։
Կոմիտեի հրապարակած ձայնագրության հատվածների մեջ զրուցակիցները խոսում են գումարի փոխանցման և ստացման մասին՝ չնշելով որևէ քաղաքական ուժի անուն: Կոմիտեի վարկածով՝ այդ գումարները փոխանցվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու նպատակով, նաև խախտվել են ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերի հետ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների մասին օրենքի դրույթները։
Մարտիրոսյանն Armenia Today-ին նշել է, որ ավելի վաղ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, սակայն, իր պնդմամբ, իրավիճակն օպերատիվ չի կարգավորվել և ստացված տեղեկատվությունը վստահության չի արժանանում:
«Պաշտպանին պետք է կանչեն կոմիտե, և ընթացակարգով անձը պետք է հրաժարվի նրա պաշտպանությունից։ Եթե նման գործընթաց չկա՝ ապօրինություն է։ Ինչո՞ւ են պետության՝ հանրային պաշտպանի ռեսուրսը ծախսում, եթե մարդը վճարունակ է, և հարազատներն էլ դիմել են մասնավոր պաշտպանին»,- շեշտել է փաստաբանը։
Նա չի բացառել, որ մեղադրյալն այնպիսի հոգեբանական վիճակում է, որ «չի կարողանում մերժել մասնավոր պաշտպանից հրաժարվելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի թելադրանքը»։
Մայիսի 14-ին Հակակառուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին իրավապահները մարտի 30-ից հաղորդումներ էին տարածել:
Կուսակցությունում գործողությունները քաղաքական հետապնդում են համարում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը բացառել էր «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Շիրակի մարզում՝ Անի համայնքում և Մարալիկ քաղաքում, կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո մայիսի 8-ին սկսվել էր ձերբակալությունների նոր ալիք, որը հաջորդել էր Կարապետյանի մամուլի ասուլիսին, երբ դաշինքի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական հայտարարությունները կապել էր հալյուցինոգեն սնկերի հնարավոր օգտագործման հետ։
Armenia Today-ին տված հարցազրույցում իրավաբան և դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն զգուշացրել էր մոնտաժված տեսանյութերի և «Ուժեղ Հայաստանի» դեմ սև փիառի մասին։
Թարմացված է՝ 14.05.2026 | 13։36




































