Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի պլանները «հատուկ քննարկում» են պահանջում, մինչդեռ Երևանը շարունակում է «զգալի առավելություններ» ստանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին, ինչպես նաև միգրացիոն ոլորտին»,- մանրամասնել է ՌԴ ղեկավարը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակներում առկա արտոնությունների մասին։
Պուտինի կարծիքով՝ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։ Նախագահը չի բացառել, որ Եվրամիությանն անդամակցելու հանրապետության ծրագրերը կարող են քննարկման առարկա դառնալ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։
«Պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք անելու ենք այսպես և այսպես։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Պետք է ամեն ինչ հաշվարկել։ Ե՛վ հայկական կողմը պետք է հաշվարկի, և՛ մենք պետք է հաշվարկենք»,- նշել է նա։
Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ ժողովրդի ցանկացած ընտրության, որը ձեռնտու է հայ ժողովրդին և հավելել, որ այդ հարցը բազմիցս քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այստեղ առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում։ Իրականում, և նա (Փաշինյանը-խմբ) կհաստատի, ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ, և հիմա էլ հրապարակավ կարող եմ կրկնել՝ մենք կաջակցենք այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ երկու երկրներին կապող դարավոր կապերը մնում են առանցքային գործոն, և Ռուսաստանը մտադիր չէ հանդես գալ Հայաստանի բնակիչների շահերից բխող որոշումների դեմ՝ տնտեսական պարտավորությունների փոխադարձ հաշվառման պայմանով։
«Մենք հայ ժողովրդի հետ դարավոր հատուկ հարաբերություններ ունենք, և եթե հայ ժողովրդին ձեռնտու է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։ Բայց, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների»,- եզրափակել է նա։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում։






































