Վեդիում սեռական ոտնձգությունների ենթարկված անչափահաս աղջիկների հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ձերբակալվել է, Armenia Today-ը տեղեկացել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանից։
Փաստաբանը հայտնել է, որ Թովմասյանը ձերբակալված է արդեն ավելի քան 48 ժամ։ Նա նշել է, որ Թովմասյանին ձերբակալել են երկու դրվագով։
Մելիքյանի խոսքով՝ վերջինս ձերբակալվել է ապրիլի 26-ին իր եղբոր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն կատարած և այդ ժամանակ ազատության մեջ գտնվող անձին դանակահարելու դրվագով։ Երկրորդ պատճառը մայիսի 6-ին Վեդու ոստիկանության ծառայողներից մեկի հետ միջադեպն է։
Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր, որ Թովմասյանը պնդել է, թե ոստիկանն իրեն հայհոյել է, ինչի պատճառով էլ հարվածել է նրան։
Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ Թովմասյանի առնչությամբ ակտիվ քննչական գործողություններ են ընթանում։ Մեղադրանք դեռևս չի առաջադրվել, խափանման միջոց՝ նույնպես։
Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։
Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Գործում ներգրավված 3-րդ անձ կա՝ այս պահի դրությամբ վկայի կարգավիճակում։ Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա էր ազատվել աշխատանքից։
























