Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը (77 կգ) դարձել է Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ամրոյանը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 106 կգ, հրում վարժությունում՝ 134 կգ: Հրում վարժությունում նա փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 240 կգ արդյունք։
Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Նարեկ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր առաջնության փոխչեմպիոն։
Երիտասարդների աշխարհի առաջնությունում տղամարդկանց հավաքականում Հայաստանը ներկայացնում են Արտուշ Գրիգորյանը (65 կգ), Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ), Նարեկ Մկրտչյանը (79 կգ), Վալերիկ Մովսիսյանը (94 կգ), Գրիգոր Ղազարյանը (110 կգ), Գագիկ Մկրտչյանը (+110 կգ)։ Կանանց հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցում են Մերի Միսակյանը (69 կգ), Աննա Ամրոյանը (77 կգ) և Էմմա Պողոսյանը (86 կգ)։
Առաջնությունն ընթանում է մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։






































