ԱՄՆ վարչակազմը մտադիր է ոչ թե համագործակցել Եվրոպայի հետ, այլ պատժել նրան, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Politico պարբերականը:
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրությունն ուկրաինական ճգնաժամից հիմնականում տեղափոխել է Իրանի դեմ ռազմական գործողությունների վրա: Politico-ն ընդգծում է, որ Թրամփի վարչակազմի և եվրոպական դաշնակիցների միջև տարաձայնություններն սկսում են անհաշտ թվալ, քանի որ ամերիկյան առաջնորդը դժգոհ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Իրանի դեմ պատերազմում աջակցության բացակայությունից:
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին հնչած քննադատությունը, այդ երկրից ամերիկյան զորախմբի կրճատման պլանները, ինչպես նաև ապրիլի 29-ին Թրամփի ունեցած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վկայում են այն մասին, որ Վաշինգտոնն այս պահին ավելի շատ շահագրգռված է Եվրոպային դատապարտելու և պատժելու հարցում»,- գրում է կայքը:
Արդեն իսկ հստակ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ. մայիսի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթը կարգադրել էր 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինվորականի: Այս որոշումը հաջորդել էր Գերմանիայի կանցլերի քննադատությանը՝ ուղղված Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմարշավին և հստակ ռազմավարության բացակայությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Թրամփը քննարկում է ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներին պատժելու ծրագիր, որոնք, նրա կարծիքով, չեն կարողացել բավարար աջակցություն ցույց տալ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությանը։ Աղբյուրների համաձայն՝ ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ զորքերի դուրսբերում այդ երկրներից և տեղակայում այն երկրներում, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանում ԱՄՆ արշավին։ Օրինակ՝ Վաշինգտոնը կարող է փակել Իսպանիայում կամ Գերմանիայում գտնվող որոշ ռազմաբազաներ։





































