«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հրազդան կատարած այցի շրջանակում անդրադարձել է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների փակման հետևանքով քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին:
Նրա խոսքով՝ տեղի ամենամեծ գործարանը՝ «Հրազդան ցեմենտ քորփորեյշնը», որը կարող է տարեկան 1 միլիոն տոննա ցեմենտ արտադրել, փակվել է, սակայն իշխանությունները ոչինչ չեն արել այն վերականգնելու համար։
«Ո՛չ ներդրողներ է բերել, ո՛չ լավ պայմաններ է ապահովել վերազինման համար։ Այսօր 450 մարդ, որը Հրազդանի համար շատ մեծ քանակ է, չի ստացել աշխատավարձերը, և աղքատության շեմին է»,- նշել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նաև մտահոգություն է հայտնել Հրազդանի ապագայի վերաբերյալ։ Ըստ նրա՝ արդյունաբերական ներուժի վերականգնմանն ուղղված քայլերի բացակայության պայմաններում վտանգված է նաև «Հրազդան ՋԷԿ»-ի գործունեությունը։
Նրա պնդմամբ՝ Կոտայքի մարզը դարձել է Հայաստանի այն տարածաշրջաններից, որտեղ վերջին ութ տարում աղքատության մակարդակն աճել է։ Քաղաքական գործիչն այս միտումը պայմանավորում է նաև խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների փակմամբ։
Կարապետյանը քննադատության է ենթարկել գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը «փող ծախսել գիտի, փող աշխատել չգիտի»։
«Մեկ հիմնարար ստեղծած գործարան չեն կարողանում աշխատեցնել, ինչպե՞ս են կարողանալու երկրում ընդհանուր աշխատատեղեր ստեղծել, երկիրը ո՞նց են աշխատեցնում»,- հարցադրում է արել քաղաքական գործիչը։
Որպես օրինակ՝ Կարապետյանը մատնանշել է Ալավերդու պղնձաձուլարանի փակումը։ Նրա խոսքով՝ Ալավերդիում միակ արդյունաբերական գործարանը՝ պղնձաձուլարանը, փակել են այն դեպքում, երբ երկիրն ունի պղնձի մեծ պաշար ու չունի ձուլարաններ։
Կարապետյանը հավաստիացրել է, որ «Ուժեղ Հայաստան»-ն իշխանության գալու պարագայում կվերաբացի այս արտադրական ձեռնարկությունները, քանի որ ՀՀ-ին այդպիսիք անհրաժեշտ են։
Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։
«Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։






































