Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հայ ժողովրդի հետ սգում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը։ Ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ի ալիքում:
«Այսօր մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին և ինչպես միշտ, նրա հետ սգում այս օրը: Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է, և հետևողական. ազգային պատկանելության հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ՌԴ-ում «հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ»։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
ՌԴ պետդուման 1995 թվականին ընդունել էր «1915-1922 թվականների հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Կարդացեք նաև՝





































