Լիբանանի և Իսրայելի իշխանությունները համաձայնել են երեք շաբաթով երկարաձգել հրադադարի ռեժիմը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին Վաշինգտոնում մասնակցել է ամերիկյան պաշտոնյաների հանդիպմանը Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումը շատ լավ անցավ»,- ընդգծել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Լիբանանի իշխանություններին «Հեզբոլլահից» պաշտպանվելու հարցում։
Ապրիլի 16-ին Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:
Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը նոր թափ էր ստացել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» կրակ էր բացել Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Թեհրանի, ինչին հետևել էր իսրայելական ուժերի առաջխաղացումը Լիբանանի տարածքում։





































