Վաշինգտոնն սպասում է իրանական պատվիրակության՝ Իսլամաբադ մեկնելու մասին լուրերին, սակայն իրանական կողմի ձգձգումների պատճառով ամերիկացի բանակցողները հետաձգել են իրենց մեկնումը Պակիստան, հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկուշաբթի երեկոյան ուշ ազդանշաններ ստացվեցին, որ Իրանը կմասնակցի։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, պատրաստվում էին մեկնել երեքշաբթի առավոտյան։ Իրավիճակը, ըստ երևույթին, կրկին փոխվեց. իրանցիներն սկսեցին ձգձգել, և ԱՄՆ պատվիրակության մեկնումը հետաձգվեց»,- հաղորդում է պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները երկուշաբթի ամբողջ օրն սպասում էին Իրանից ազդանշանի, որ նրանք մտադիր են մասնակցել բանակցություններին։ Պակիստանից, Եգիպտոսից և Թուրքիայից միջնորդները նույնպես կոչ էին արել Թեհրանին մասնակցել։
Սակայն աղբյուրը նշել է, որ իրանական կողմը նույնիսկ այդ ժամանակ տատանվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ակնհայտ ճնշման պատճառով, որը կարծում է, որ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ՝ մինչև ԱՄՆ-ն չվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը: Իրանցի բանակցողները նաև սպասում էին ԱՄՆ-ի հետ երկխոսության մանդատի՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիից:
ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունները դադարեցվել էին ապրիլի 8-ին, երբ կնքվել էր երկշաբաթյա հրադադար: Իսրայելը նույնպես դադարեցրել էր հարվածները։ Կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին:



































