Ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հրապարակվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում, հայտնել է Հանրային ՀԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ հրապարակման մասին որոշումն ընդունվել է Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցմամբ, որպեսզի ֆիլմը հասանելի լինի լայն լսարանի համար: Հեռուստաընկերությունից նշել են, որ ֆիլմի հրապարակայնացմամբ ավարտվում է համապատասխան իրավական վեճը:
Դատաքննության առիթ էին դարձել ֆիլմի ցուցադրությունները հանդիպումների և միջոցառումների ժամանակ, որոնք կազմակերպել էր ռեժիսորն առանց իրավատիրոջ համաձայնության։ Մասնավորապես, խոսքը 2025 թվականի մայիսի 2-ին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում տեղի ունեցած ցուցադրության մասին է։
Դատարանը մարտի 27-ին բավարարել էր Հանրային հեռուստաընկերության հայցը՝ արգելելով ֆիլմի օգտագործումն ու տարածումն առանց հեռուստաընկերության համաձայնության: Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Հ1-ի պատվերով նկարահանված ֆիլմը երրորդ անձանց կողմից որևէ ձևաչափով չէր կարող ցուցադրվել:






































