Կիպրոսում ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում՝ երկհամայնք Պիլա գյուղի մոտ, լարված իրավիճակ է ստեղծվել, հայտնել է Cyprus Mail-ը:
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) մեքենաները տեղակայված են տարածքի «Կանաչ գծի» երկայնքով։ Նույն հատվածում նկատվել են նաև թուրք-կիպրական ոստիկանությանը պատկանող տրանսպորտային միջոցներ։ Իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով ՄԱԿ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել այն կետերի մոտ, որտեղ գտնվում են կիպրացի թուրքերին պատկանող ցանկապատված տարածքները։
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկում է անհրաժեշտ դիվանագիտական քայլեր։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ալիմ Սիդիկը Cyprus Mail-ին տված հարցազրույցում նշել է, որ իրենք պահպանում են զգոնությունը և աշխատում են հանդարտություն հաստատելու ուղղությամբ։ Նա նաև պարզաբանել է տարածվող որոշ տեղեկություններ։
«Բուֆերային գոտու ներսում ռազմական տեխնիկա չկա, միայն արտաճանապարհային մեքենաներ են։ Թուրքական դրոշ բուֆերային գոտում նույնպես չկա. այն գտնվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության տարածքում»,- ընդգծել է Սիդիկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և UNFICYP-ի ղեկավար Քասիմ Դիանը կոչ է արել կողմերին պահպանել հանդարտություն և զսպվածություն՝ հարգելով խաղաղապահների մանդատը։





































