Իրանի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ տալու նպատակով։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ուղիղ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ից հետո։
Աղբյուրները շեշտում են, որ «անուղղակի խորհրդատվություններն արդեն կայացել են», և առաջիկա հանդիպումը կլինի ուղիղ ձևաչափով։
Reuters գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկելու են տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական պատժամիջոցներին առնչվող հետևյալ առանցքային հարցերը.
Լիբանանի հարցը և հրադադար
Թեհրանը պնդում է, որ պաշտոնական բանակցությունները կարող են սկսվել, երբ Վաշինգտոնը հստակ պարտավորություններ ստանձնի Լիբանանում հրադադարի հաստատման վերաբերյալ։
Պատժամիջոցներ և ակտիվներ
Իրանը պահանջում է ապասառեցնել իր ակտիվները և դադարեցնել պատժամիջոցները, որոնք տարիներ շարունակ կազմալուծել են երկրի տնտեսությունը։ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել սա միայն Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի զգալի զիջումների դիմաց։
Հորմուզի նեղուցի խնդիրը
Թեհրանը ցանկանում է ճանաչել իր իրավասությունը նեղուցի նկատմամբ՝ ներառյալ տարանցիկ վճարների գանձումն ու հասանելիության վերահսկողությունը։ Վաշինգտոնը պահանջում է անխափան նավարկություն բոլոր տեսակի տրանսպորտի համար։
Փոխհատուցում և միջուկային ծրագիր
Իրանը մտադիր է փոխհատուցում պահանջել վեցշաբաթյա պատերազմի ընթացքում հասցված վնասների համար և ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը։ Վերջին կետը Վաշինգտոնի համար մնում է սկզբունքային և քննարկման ենթակա չէ։
Հրթիռային զինանոց և զորքերի դուրսբերում
Իսրայելն ու ԱՄՆ-ն պահանջում են Իրանի հրթիռային ներուժի կտրուկ կրճատում։ Իրանն, իր հերթին, պահանջում է ամերիկյան մարտական ստորաբաժանումների դուրսբերում տարածաշրջանից և ագրեսիայից հրաժարվելու հանձնառություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը և նախազգուշացրել է ռազմական գործողությունների լուրջ էսկալացիայի մասին՝ բանակցությունների ձախողման դեպքում։






































