ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հերքել է իր կապերը սեռական հանցագործության համար դատապարտված, ապա մահացած Ջեֆրի Էփշտեյնի հետ՝ հայտարարելով, որ նման պնդումները «պետք է ավարտվեն այսօր»։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն:
Թրամփը նաև կոչ է արել Կոնգրեսում լսումներ անցկացնել Էփշտեյնի սեռական շահագործման հետևանքով տուժածների թեմայով։ Նա հերքել է համացանցում տարածվող լուրերը, թե Էփշտեյնն է իրեն ծանոթացրել նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ դրանք անվանելով «չարամիտ փորձեր՝ վնասելու իր հեղինակությանը»։
Առայժմ պարզ չէ, թե ի՞նչն է դարձել այս հայտարարության պատճառը․ մինչ այդ Սպիտակ տունը չէր հայտնել նման թեմայով ելույթի մասին։ Առաջին տիկինը նշել է, որ երբեք չի հանդիսացել Էփշտեյնի «զոհ» և նրա հետ «միայն կարճ ժամանակով է հատվել» 2000 թվականին։
«Ես երբեք տեղեկություն չեմ ունեցել Էփշտեյնի կողմից իրականացված բռնությունների մասին, որևէ կերպ ներգրավված չեմ»,- ասել է նա։
Առաջին տիկինը նաև հերքել է, որ ճանաչել է Էփշտեյնի նախկին գործընկեր Գիսլեյն Մաքսվելին։ Նա անդրադարձել է 2002 թվականի նամակագրությանը, որը հրապարակվել էր Էփշտեյնի գործի շրջանակում՝ նշելով, որ դա ընդամենը «պատահական նամակագրություն» էր և «քաղաքավարի պատասխան»։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել օրենսդիրներին հնարավորություն տալ տուժածներին՝ Կոնգրեսում երդմամբ ցուցմունք տալու համար։
«Յուրաքանչյուր կին պետք է հնարավորություն ունենա հրապարակայնորեն պատմել իր պատմությունը, եթե ցանկանա, և այդ վկայությունները պետք է մշտապես գրանցվեն Կոնգրեսի արձանագրություններում»,- նշել է նա։
Մինչդեռ Էփշտեյնի գործով տուժածներից Լիզա Ֆիլիպսը նշել է, որ զարմացած է Մելանյա Թրամփի հայտարարությունից։ Նրա խոսքով՝ հնարավոր է ավելի արդյունավետ լինեն փակ լսումները, քանի որ բազմաթիվ տուժածներ վախենում են հրապարակայնորեն խոսել։
Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփի և Էփշտեյնի միջև կապերի վերաբերյալ պնդումները նախկինում դարձել են նաև իրավական վեճերի պատճառ։ Առաջին տիկինը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել իր «անհիմն մեղադրանքների» դեմ։
Նրա այս հայտարարությունը կարող է նոր թափ հաղորդել հանրային քննարկումներին՝ կապված Էփշտեյնի գործի քննության և դրա նյութերի հրապարակման շուրջ։
Էփշտեյնը 2008 թվականին մեղավոր էր ճանաչվել մարմնավաճառություն կազմակերպելու մեջ և դատապարտվել անչափահասի բռնաբարության համար։ 2019 թվականի ամռանը նա կրկին ձերբակալվել էր Միացյալ Նահանգներում և մեղադրվել աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա, առևտրով զբաղվելու և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու մեջ։ Նույն թվականի օգոստոսին 66-ամյա միլիարդատերն ինքնասպանություն էր գործել բանտում՝ դատավարությունից առաջ։ Հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշտեյնի գործի հետ կապված ևս 3 մլն էջ փաստաթուղթ, ինչպես նաև ավելի քան 2000 տեսանյութ և 180 000 լուսանկար։






































