Թեհրանը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը և այն կհասցնի նոր փուլի, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Խամենեին ընդգծել է, որ Իրանը կպահանջի փոխհատուցում պատճառված վնասի և արյունահեղության համար։ Դիմելով ազգին՝ նա նշել է, որ իրանցիները «հաղթել են երրորդ էպիկական սրբազան պաշտպանությունը»։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հանդես էին եկել հատուկ հայտարարությամբ՝ պահանջելով, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերը հետևեն այլընտրանքային երթուղիներին։
ԻՀՊԿ-ի հրահանգի համաձայն՝ Պարսից ծոցում տիրող ռազմական իրադրության և ականների հնարավոր առկայության պատճառով նավերը պետք է շարժվեն Լարակ կղզու ջրային տարածքով անցնող երկու այլընտրանքային ուղիներով։ Իրանական կողմը նշում է, որ այս որոշումն ընդունվել է նավագնացության անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով։





































