Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ խստորեն դատապարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ «մերժելի դրույթների ընդգրկումը»:
Մայր Աթոռից ընդգծել են, որ եկեղեցուն առնչվող նման նախաձեռնությունները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը, դուրս են քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների լիազորություններից:
Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրում եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, կաթողիկոսի հեռացման և նոր ընտրությունների անցկացման օրակարգի ամրագրումը «սահմանադրական կարգի, եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»:
Սուրբ Էջմիածինը շեշտել է, որ ՀԱԵ բազմադարյա առաքելությունը, նրա ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է դառնան քաղաքական շահարկումների առարկա: Հայտարարության համաձայն՝ նման մոտեցումը հակասում է հայ ժողովրդի շահերին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է բարեփոխել Հայ Առաքելական եկեղեցին՝ նախատեսելով ղեկավարության փոփոխություն, նոր կանոնադրության ընդունում և ֆինանսական թափանցիկություն։
ՔՊ-ն նաև նշել է, որ քայլեր կձեռնարկի եկեղեցին քաղաքականությունից հստակ տարանջատելու և պետության աշխարհիկ կարգավիճակն ամրապնդելու համար՝ միևնույն ժամանակ առաջարկելով հոգևորականներին ներառել պետական սոցիալական երաշխիքների համակարգում։
Վարչապետ Նիկել Փաշինյանը և տասը եպիսկոպոս հունվարի 5-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին: Այս մարմնին վերապահել են բարենորոգման կազմակերպչական գործառույթները:
Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում:




































